26 հունիսի 2023 - 16:50 AMT
Արցախից ԿԽՄԿ ուղեկցությամբ 17 բուժառու է տեղափոխվել ՀՀ

Հունիսի 26-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու՝ 11 ուղեկցողի հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուի՝ 8 ուղեկցողի հետ միասին, ովքեր ժամանակին պետպատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու։

«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 31 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 83 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

10 օր շարունակ՝ հունիսի 15-ից սկսած, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն, այդ թվում ԿԽՄԿ միջոցով, արգելվել էին Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել էր մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): ԿԽՄԿ մեքենաների երթևեկությունը վերականգնվել է հունիսի 25-ին