27 հունիսի 2023 - 13:03 AMT
Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ դիտորդների հետ այցելել է Երասխ

Հունիսի 26-ին Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սփելերբերգը ԵՄ դիտորդների հետ այցելել է Երասխ։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-ի միկրոբլոգում։

«Այսօր EUMA-ն Ջերմուկի կենտրոնում ընդունել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սփելերբերգին, որին ուղեկցում էր Գերմանիայի ժամանակավոր հավատարմատար, Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Տինտրուպը: Այն բանից հետո, երբ մեր դիտորդները տեղեկացրեցին նրանց տիրող իրավիճակի մասին, պատվիրակությունը միացավ Երասխում մեր պարեկությանը ՝ տեղում իրավիճակը գնահատելու նպատակով», - ասվում է գրառման մեջ։

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվում են։