27 ապրիլի 2009 - 18:26 AMT
ՀՅ Դաշնակցության դուրս գալը կառավարող կոալիցիայից` իշխանություններից տարածություն պահպանելու ցանկությունն է
«ՀՅ Դաշնակցության կոալիցիայի գործընկերների, այսինքն արդեն նախկին գործընկերների դիրքորոշումը բացատրվում է երեք հիմնական կետերով. սփյուռքի կողմից ճնշում, հայ-թուրքական հարաբերություններում վերջին դեպքերի հետ կապված կասկածանքներ եւ իշխանություններից տարածություն պահպանելու ցանկություն»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նրա կարծիքով, Դաշնակցությունը չցանկացավ համապատասխան լուսաբանող աշխատանքներ տանել սփյուռքում: «ՀՅ Դաշնակցությունը մի քանի անգամ ակնարկել էր կոալիցիայից իր դուրս գալու մասին: Դաշնակցությունն այդ քայլով ուզում է հիմնավորել կոալիցիայից դուրս գալը ոչ թե պետական պաշտոնների ոչ բավարար լինելով, այլ հենց ազգային շահերով»,- հայտարարել է Աշոտյանը: Նա համոզված է, որ Դաշնակցությունն ուզում է այդ քայլով մաքրել իշխող կուսկացության իր իմիջը եւ հաջորդ խորհրդարանական ընտրություններում հանդես գալ որպես ընդդիմադիր ուժ: «Որքանով դա նրանց կհաջողվի` կապրենք, կտեսնենք»,- նշել է պատգամավորը:

«Այս ամենը թույլ է տալիս մեզ եզրակացություն անել, որ հայ-թուրքական հարաբերություններում վերջին դեպքերը լավ առիթ հանդիսացան Դաշնակցության համար, որպեսզի հայտարարեն կոալիցիայից դուրս գալու մասին: Այնուամենայնիվ, ես վստահեցնում եմ, որ մեր արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխվել, վերջին ամիսների դեպքերը ՀՀ հանդուրժողական եւ բազմավեկտոր քաղաքականության եւս մեկ դրսեւորումն են»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը: