12 հուլիսի 2023 - 13:13 AMT
ԱԽ քարտուղար․ Ռուս խաղաղապահների մասով Ստեփանակերտում եղած ակնկալիքները չեն արդարանում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է, որ այն ակնկալիքները, որ կային Ստեփանակերտում ռուս խաղաղապահների մասով, չեն արդարանում։

Նա նշել է, որ խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ, որն այսօր չկա։

«Ռուս խաղաղապահների մասով՝ Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում: Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է: Նոյեմբերի 9-ով (եռակողմ հայտարարությամբ) Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում, և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանցքով տեղի ունենա ազատ տեղաշարժ: Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է:

Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրանքների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում: Ակնկալիքն այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն: Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները՝ ասինքն ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը»,-ասել է Գրիգորյանը:

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցին՝ Գրիգորյանը մատնանշել է երեք սկզբունք, որով Հայաստանն առաջնորդվում է այս հարցում: Դրանք են սուվերենությունը, իրավասությունը և փոխադարձությունը:

«Ապաշրջափակումը Հայաստանի համար շատ կարևոր է: Ամենաշատն այս հարցում հետաքրքրված է Հայաստանը: Ապաշրջափակումը կնշանակի «հայկական խաչմերուկի» կոնցեպտի իրականացում»,-ասել է նա:

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»:

Photo. AFP