27 ապրիլի 2009 - 21:01 AMT
Արտյոմ Բաղադասարյանը բրոնզե մեդալ է նվաճել Սանկտ-Պետերբուրգում ձյուդոյի միջազգային առաջնությանը
Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականն ավարտեց իր ելույթները ապրիլի 25-26 Սանկտ-Պետերբուրգում անցկացվող միջազգային ներկայացուցչական առաջնությանը: Հայկական հավաքականը միայն մեկ բրոնզե մեդալ նվաճեց, որին արժանացավ Արտյոմ Բաղադասարյանը (73կգ ք/կ): Հայաստանի ներկայացուցիչներից եւս մեկ մրցանակային տեղի արժանացավ Գոռ Հարությունյանը (55կգ ք/կ)` իր ելույթներն ավարտելով 5-րդ տեղում:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայում, պատանեկան հավաքականը Երեւան կվերադառնա ապրիլի 30-ին, իսկ այդ միջոցին երիտասարդ ձյուդոիստները Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կանցկացնեն ուսումնամարզական հավաք:
Հիշեցնենք, որ գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ հավաքականի կազմում մեկնել են 6 ձյուդոիստ, որոնց թվում` Դավիթ Մկրտչյանը, Գրիգոր Իվանյանը, Գոռ Հարությունյանը (բոլորը երեքը` 55կգ ք/կ), Արմեն Ադամյանը (66կգ ք/կ), Արտյոմ Բաղդասարյանը (73կգ ք/կ) եւ Վարդուհի Բաբայանը (52կգ ք/կ):
Այս միջոցառումները հերթական նախապատրաստական փուլ են Եվրոպայի առաջնությունից առաջ, որը տեղի կունենա 2009թ. սեպտեմբերի 11-13 Երեւանում: