21 հուլիսի 2023 - 13:18 AMT
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Փաշինյանի նպատակը «խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ձախողելն է»

Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանի ելույթին կառավարության հուլիսի 20-ի նիստում, հայտարարել է թե, Փաշինյանը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ «ձախողել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները»։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը կառավարության հուլիսի 20-ին նիստում ևս մեկ անգամ ընդգծեց Լաչինի ճանապարհի վերաբերյալ վերջին 8 ամիսների ընթացքում հայկական կողմի պնդումները, ինչը վկայում է այն մասին, որ Երևանը մտադիր է օգտագործել այդ հարցը իր քաղաքական նպատակների համար և խոչընդոտել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, որոնք վերջին շրջանում առաջ են գնում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է Interfax.az-ը։

Նշվում է, թե Ադրբեջանն անցակետ է դրել Լաչինում «ըստ միջազգային իրավունքի նորմերի»։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ հայկական կողմից Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման մերժումը, ինչին «հավանություն է տվել նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելը, վկայում է տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին հայտարարության անհիմն լինելու և Ադրբեջանի տարածքում անօրինական գործունեությունը շարունակելու Հայաստանի մտադրության մասին»։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Հայաստանը փորձում է ձախողել բանակցային գործընթացը՝ հաշվի առնելով, որ դուրս չի բերում իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ բրյուսելյան հանդիպումը Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չի տվել։

Վարչապետը հավելել է, որ քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո իր հայտարարության մեջ ընդգծել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության օրակարգը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը: