«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը հուլիսի 19-ից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց պարեն, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքներ (ըստ համաձայնեցված ցուցակի) է հավաքագրում՝ Արցախ ուղարկելու նպատակով։ Նախաձեռնության անդամները դիմում են Միավորված ազգերի կազմակերպությանը՝ բեռները իրենց դրոշի ներքո Արցախ տեղափոխելու համար։
Նրանք նշում են՝ ՄԱԿ-ն ունի Պարենի ծրագիր ու կանոնադրություն, որը նրան պարտավորեցնում է 120,000 մարդուն սովից փրկելու համար օր առաջ հումանիտար օգնություն հասցնել Արցախ, հայտնում է Panorama.am-ը։
Այս օրերի ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բավականին պարեն է հավաքվել, որոնք բերել են տարբեր քաղաքացիներ։
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։