Որակյալ և պատշաճ պատրաստվածության հաշվին Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու փորձն ապագայում նոր հակամարտությունների կբերի, ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Հապճեպ պատրաստված խաղաղության «հում» պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին: Հակառակը՝ ապագայում նոր հակամարտությունների ու ողբերգությունների հիմք կդառնա։Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի որոշումների որակյալ պատրաստմանը»,- նշել է դիվանագետը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում, թե Բաքուն ու Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «գրեթե մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում»։
Ըստ Գոնչարի՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք՝ կողմերը։
«Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն պատեհապաշտ նկատառումների, այլ նպաստել ամուր երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Դրանք պետք է հիմնված լինեն տեղում տիրող իրողությունների վրա, նախ և առաջ՝ ամենաբարձր մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա»,- նշել է Գոնչարը։
Euronews–ին տված վերջին հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր էր համարել խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ։
«Եթե մենք տեսնենք հայկական կողմից կառուցողական մոտեցում, և որ ամենակարևորն է, եթե նրանք ամբողջությամբ հրաժարվեն մեր տարածքային ամբողջականությունը վիճարկելու իրենց բոլոր նկրտումներից, ապա շատ շուտով կարող ենք խաղաղ լուծում գտնել, գուցե նույնիսկ մինչև տարեվերջ»,– ասել էր նա։