Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամներն օգոստոսի 4-ին ռուս խաղաղապահների տեղակայման վայրի մոտ ցույց են անցկացրել ու պահանջել պատասխանել՝ ինչպես է ապահովվելու իրենց անվտանգությունը դեպի Հակարիի կամուրջ պլանավորված երթի ժամանակ։
Ինչպես հայտնում է «Ազատությունը», նախաձեռնության անդամ Արթուր Օսիպյանը հայտնել է, որ զորակազմից իրենց ասել են՝ «նամակ գրեք և մենք երկուշաբթի օրը կպատասխանենք»: Մինչ այդ ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ չեն հեռանալու և փակելու են խաղաղապահների մուտքը իրենց տեղակայման վայր: Եվ քանի որ այժմ եղել է հրապարակային արձագանք, իրենք դադարեցնում են ակցիան ու ետ են վերադառնում:
«Առավոտի» փոխանցմամբ, Օսիպյանը հայտարարել է, որ անվտանգության հարցերը լուծելու համար անհրաժեշտ է, որ երթն ուղեկցեն ռուս խաղաղապահները՝ իրականացնելով իրենց ստանձնած պարտավորությունները։։ Նա նշել է, որ ադրբեջանական տելեգրամ ալիքները հաղորդել են, թե իբր ռուս խաղաղապահները փորձում են «հայ ահաբեկիչներ» տեղափոխել Բերձորի միջանցք։ «Մի քանի օր առաջ մենք ընդամենը ավտոբուսների վրա գրություն ենք փակցրել, որ խաղաղ երթի ենք պատրաստվում, ադրբեջանական կողմ արդեն իր հակաքայլ է արել, որը խուճապի տրամադրություններ է ստեղծել, ինչն իրենց նպատակն է։ Բայց իրենք սա մենակ չեն արել, մեր Ազգային ժողովի պատգամավորը, առիթից օգտվելով, սկսել է ժողովրդի մեջ այդ խուճապային տրամադրությունները սրել։ Ադրբեջանը միանգամից հայտարարել է, որ Արցախում պրովոկացիա են փորձում պատրաստել, և դա պատրաստում են իշխանությունները՝ ժողովրդի միջոցով»,- ասել է Օսիպյանը։
«Եթե թշնամիները հայտարարում են, որ ռուս խաղաղապահները մեր խաղաղ երթը փորձում են են վերածել զինված դիմադրության, եւ ռուսների կողմից չկա հերքում, մեր խնդիրն է, իջնենք Իվանյան եւ ռուսներից պահանջենք՝ իրենք հերքեն Ադրբեջանի սուտը, եթե դա սուտ է։ Բացի դրանից, ասում ենք, որ ռուսները պետք է ներկա լինեն եւ խաղաղ երթի անվտանգությունն ապահովեն։ Մենք պետք է իջնենք Իվանյան, որ ռուսները դուրս գան ու հայտարարեն, որ խաղաղ երթի անվտանգությունը կապահովեն, քանի որ իրենց վրա այդ պարտականությունները վերցրել են»,- ասել է նա։