Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ., հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:
Հուլիսի 29-ին ադրբեջանցիները Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում առևանգել են որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։
Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: