Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կբանակցի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա ԼՂ կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ։ Այդ մասին նա հայտարարել է Ֆրանսիայի դեսպանների ամենամյա կոնֆերանսում ունեցած իր ելույթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այս շաբաթ կբանակցեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք կպահանջենք Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունների լաիակատար պահպանում, ինչպես նաև հանդես կգանք նոր դիվանագիտական նախաձեռնությամբ միջազգային ասպարեզում՝ ավելացնելու համար ճնշումն Ադրբեջանի վրա»,-ասել է Մակրոնը։
>Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Point-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, ասել էր, որ այլևս դիվանագիտության ժամանակը չէ։
«Մենք ունենք հումանիտար իրավիճակ, որն անընդունելի է հատկապես Լաչինի միջանցքի փակման հետևանքով։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության հարցում ճնշում գործադրելն է, և մենք շարունակում ենք մեր բոլոր ջանքերը դրան հասնելու համար: Մասնավորապես, մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար սննդամթերքի և դեղորայքի առաքումը և Լեռնային Ղարաբաղ ազատ մուտքի պահպանումը։ Եվ բացի այդ, Հայաստանի սեփական սահմաններն են վտանգված»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այդ մասին իր հրապարակման մեջ գրել է ֆրանսիական հեղինակավոր Լե Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուիսոնը: