7 սեպտեմբերի 2023 - 13:27 AMT
Ռյաբկով․ ՀԱՊԿ անդամները պետք է հավատարիմ մնան իրենց դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, մեկնաբանելով սեպտեմբերի 11-ից Հայաստանի տարածքում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, ասել է, որ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ ՀԱՊԿ անդամները պետք է հավատարիմ մնան իրենց դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային։

«Հայաստանը ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցն է , մենք ելնում ենք նրանից, որ դաշինքի ոգուց է բխում հավատարիմ մնալ նրանց հետ վարժանքների պրակտիկային, ովքեր անդամակցում են այդ դաշինքին»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա նաև ասել է, որ Մոսկվան ՀՀ ուշադրությունն է հրավիրել այդ հարցին։

«Իհարկե, մենք դրան ուշադրություն դարձրինք։ Եվ Հայաստանում մեր դաշնակիցների լրջագույն ուշադրությունը դարձրինք այն հանգամանքի վրա, որ դա Մոսկվայում մտահոգության տարրով է ընկալում»,-ասել է դիվանագետը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, որ Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին տեղեկությունը մտահոգություն է առաջացնում:

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։