Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Ouest-France օրաթերթին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հայտնում է Արմենպրեսը։
Նախարարը պարբերականին է ներկայացրել 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր իրավիճակն Արցախի Հանրապետությունում` նշելով, որ Լեռնային Ղարաբաղում ամեն երրորդ մահվան պատճառը սովն ու թերսնումն է։
«Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը և հայերի դեմ ցեղասպանական քաղաքականությունը։ Սկզբում՝ 2022 թվականի հունվարի 9-ին, խաթարել է Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի, իսկ այնուհետև՝ մարտի կեսին՝ նաև գազի մատակարարումը։ Ավելի ուշ, ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ է տեղադրել։ Հունիսի 15-ից վերջնականապես լիովին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Տեղաշարժն այլևս արգելափակված է մարդկանց, սննդամթերքի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության այլ ապրանքների համար»,–ասել է Ղազարյանը։
Խոսելով շրջափակման հետևանքների մասին՝ նա նշել է, որ ընտանիքները բաժանված են միմյանցից, խաթարված է հիվանդանոցների բնականոն գործունեությունը:
«Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական աշխատանք կատարող անձինք չեն կարողանում հողատարածքները մշակել: Ավելին՝ նրանք ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ինչի նպատակն է խոչընդոտել ցանկացած տեսակի տնտեսական ակտիվություն Արցախում և էլ ավելի խորացնել սովը։ Սա հումանիտար աղետ է»,–ասել է նախարարը։
Նա դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք սովը կանխամտածվա՞ծ կերպով է կազմակերպված։
«Այո, միջազգային առաջատար փորձագետներն իրավիճակը բնորոշում են որպես ցեղասպանություն։ Ադրբեջանը սովն օգտագործում է որպես հայերին ոչնչացնելու գործիք»,–ասել է Ղազարյանը։
Նա նաև պատասխանել է այն հարցին, թե ինչպես կարելի է կանխել ցեղասպանությունը։
«Երկրների ղեկավարներն ու ՄԱԿ-ը պետք է քաղաքական կամք դրսևորեն։ Միջազգային հանրությունն ունի ցեղասպանությունները կանխելու պարտավորություն և կարողություն։ Միջազգային համապատասխան կազմակերպությունները պատշաճ կերպով տեղեկացված են Արցախում տիրող իրավիճակի մասին։ Նրանք պետք է օբյեկտիվ գնահատական տան դրան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է համապատասխան բանաձև ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը։ Միջազգային կազմակերպությունները պետք է պատժամիջոցներ կիրառեն շրջափակման պատասխանատուների նկատմամբ և բոլոր հնարավոր ճանապարհներով մարդասիրական օգնություն ուղարկեն, այդ թվում՝ օդային ճանապարհով։
Մենք դիմում ենք ազատ ու առաջադեմ աշխարհին՝ պաշտպանելու մարդու ու ժողովուրդների իրավունքները։ Եկեք ժամանակ չվատնենք, քանզի , ի վերջո, խոսքը ցեղասպանության կանխարգելման մասին է»,–ասել է ԱՀ ԱԳ նախարարը։
Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։
Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը: