Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։
«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ և այն հետևանքներով, որ այդ արգելափակումը ունենում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։ Այս հարցում ստատուս քվոն մեզ համար բացարձակ անընդունելի է, և մենք չեն դադարեցնի մեր աշխատանքը, մինչև լուծում չունենանք», - ասել է բարձրաստիճան դիվանագետը, հայտնում է «Ազատությունը»։
Յուրի Քիմը շեշտել է՝ Նահանգները մշտապես պնդել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի հումանիտար և մասնավոր փոխադրումների համար՝ հավելելով, որ այդ ուղերձը հասցրել են Ադրբեջանի կառավարությանը և՛ հրապարակային հայտարարություններում, և՛ մասնավոր զրույցներում բազմաթիվ առիթներով։
«Պետքարտուղարը, Հարավային Կովկասի գծով նրա ավագ խորհրդականը, ես ու մի շարք այլ գործընկերներ անմիջականորեն ներգրավված ենք, որպեսզի առաջ մղենք Լաչինի միջանցքի ու այլ ճանապարհների միաժամանակյա բացումը։ Նախագահ Ալիևը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հրապարակավ հայտնել են, որ համաձայն են այս պայմանավորվածությանը։ Այդ պայմանավորվածությունը այլևս չպետք է հետաձգվի», - ասել է նա։
Պաշտոնյան հայտարարել է նաև՝ բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանվեն, և որ սա ցանկացած կայուն ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առանցքային բաղադրիչ է։
«Ադրբեջանը պետք է միջազգայնորեն հաստատված երաշխիքներ տրամադրի, որ հարգում է նրանց իրավունքները, և որ նրանք կարող են ապրել իրենց տներում առանց վախի։ Ուզում եմ հստակ մի բան հայտարարել՝ Միացյալ Նահանգները չի հանդուրժի որևէ գործողություն, լինի դա կարճաժամկետ, թե երկարաժամկետ, որ էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ իրականացվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ», - ընդգծել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը։
Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով», սակայն Լաչինի միջանցքը մինչ օրս փակ է: