15 սեպտեմբերի 2023 - 16:56 AMT
Պեսկով․ ՌԴ–ն քննարկում է Բաքվի և Երևանի հետ Լաչինի միջանցքի հարցի լուծման տարբերակները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հետևողականորեն քննարկում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբերակները։

«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է աշխատանքն ինչպես Բաքվի, այնպես էլ` Երևանի հետ։ Մենք դա կանենք նաև հետագայում։ Բոլորովին վերջերս, ի դեպ, Ղարաբաղ է հասել հումանիտար բեռի առաջին խմբաքանակը, ռուսական կողմի ջանքերով։ Մենք կշարունակենք աշխատանքը։ Այժմ տարբեր տարբերակներ են քննարկվում և մշակվում կողմերի հետ»,–ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետքարտուղարության այն հայտարարությունը, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, գրում է ՏԱՍՍ–ը։

Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել է՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի։ Նա հավելել է՝ դա անհրաժեշտ է, որ «հնարավոր լինի միջոցներ ձեռնարկել իրոք ծանր հումանիտար իրավիճակի պայմաններում»։

Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»: