«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (Դոգ) ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ և այդպիսով տապալել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը։
Նա ասել է` կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայցև պայման է դրել՝ վերահսկողական գործառույթները վերապահվեն «Հանրային ձայն» կուսակցությանը։
Ըստ նրա՝ առաջացել է քաղաքական ճգնաժամ՝ 33 մանդատ ունեն ընդդիմադիրները, 32՝ իշխանամետները:
«Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը միանշանակ կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ՝ ապահովելով 32 մանդատ: Մյուս թևը՝ Մարությանը, Թևանյանն ու ես ունենում ենք 33 մանդատ»,–ասել է նա՝ իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցություններին դիմելով կոալիցիա կազմելու առաջարկով։
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 32․57%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18․89%, «Մայր Հայաստան» դաշինք՝ 15.43%, «Հանրային ձայն» կուսակցություն` 9․68%: