18 սեպտեմբերի 2023 - 15:45 AMT
Արայիկ Հարությունյանի զարմիկը՝ Արցախի պետնախարար

Արցախի պետական նախարար է նշանակվել Արթուր Հարությունյանը։ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիրը, հայտնում է նրա աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Արթուր Հարությունյանը Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր տղան է:

Մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝

- առողջապահության նախարար,

- արդարադատության նախարար,

- գյուղատնտեսության նախարար,

- կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,

- սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար,

- տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,

- քաղաքաշինության նախարար,

- ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Հարությունյանը խորհրդարանում ներկայացնում էր մեծությամբ առաջին խմբակցությունը՝ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը։ Սեպտեմբերի 11-ին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Արթուր Հարությունյանը ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին է։