18 սեպտեմբերի 2023 - 17:53 AMT
Միշել․ Կարևոր է բանակցություններ սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև՝ ԵՄ–ն պատրաստ է աջակցել

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ողջունելով բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով, կարևորել է բանակցությունների մեկնարկը Բաքվի և ԼՂ հայերի միջև։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա նաև կոչ է արել կանոնակարգել բեռների անցումը երկու երթուղով։

«Վերջապես սկսվեց հումանիտար բեռների առաքումը Ղարաբաղի հայերին։ Ողջունում ենք հումանիտար բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով։ Այժ–մ դա պետք է կանոնակարգվի։

Կարևոր է նաև բանակցություններ սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև՝ վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցով, ինչին Եվրամիությունը պատրաստ է աջակցել»,–ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 18-ին Բերձորի և Ակնայի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել։ Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն՝ ըստ կարիքների։