19 սեպտեմբերի 2023 - 13:30 AMT
Բլինքեն․ Ողջունում ենք բեռների մատակարարումը դեպի ԼՂ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է հումանիտար բեռների միաժամանակյա առաքումը ԼՂ «Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով»։ Հայտարարությունը հրապարակվել է սեպտեմբերի 18-ին։

Բլինքենը դա «կարևոր առաջընթաց» է որակել։

«Մենք ողջունում ենք մարդասիրական մատակարարումների միաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ, մի մոտեցում, որը ես և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ենք քննարկել։ Այդ խիստ անհրաժեշտ բեռների մատակարարումը կարևոր քայլ է առաջ։

Մենք կոչ ենք անում կողմերին ուղիղ բանակցություններ սկսել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու ուղիների վրա»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ԱՄՆ–ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա խնդիրների լուծմանն ու արժանապատիվ և երկարատև խաղաղության հասնելու ջանքերին:

Սեպտեմբերի 18-ին Բերձորի և Ակնայի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել։ Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն՝ ըստ կարիքների։