Սեպտեմբերի 19-ին ժամը 11։10–ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով ականանետ, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
ԱՀ ՊՆ–ն պարբերաբար հերքում է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը, ինչն արվում է օրը մի քանի անգամ։
Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։ «Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի–Ֆիզուլի–Շուշի ավտոճանապարհի 58–րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18–ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18։20–ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։