19 սեպտեմբերի 2023 - 13:39 AMT
Արցախը զանգվածային հրետակոծության տակ է

Ադրբեջանն Արցախի զանգվածային հրետակոծություն է սկսել։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մեզ մոտ զանգվածային հրետակոծություն է սկսվել»,–գրել է նա։

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հարվածի տակ է նաև Ստեփանակերտը։

«Այս պահին ռմբակոծվում է Ստեփանակերտը»,–գրել է նա։

ԱՀ ՊՆ–ն պարբերաբար հերքում է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը, ինչն արվում է օրը մի քանի անգամ։ Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։ «Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի–Ֆիզուլի–Շուշի ավտոճանապարհի 58–րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18–ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 19-ին ժամը 11։10–ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով ականանետ: