19 սեպտեմբերի 2023 - 14:38 AMT
Բեգլարյանը՝ ՌԴ–ին, ԱՄՆ–ին, ԵՄ–ին․ Սրա՞նք են ձեր անվտանգության երաշխիքները

Արցախի նախագահի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիային Արցախի դեմ, դիմել է միջազգային հանրությանը՝ «սրա՞նք են ձեր անվտանգության երաշխիքները»։

«Ալիևի ցեղասպան ռեժիմն Արցախի ժողովրդին սովի մատնելու երկարատև շրջանից հետո սկսել է ցեղասպանության արյունալի փուլը։ Սրա՞նք են ձեր անվտանգության երաշխիքները Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ»,–գրել է նա։

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։