19 սեպտեմբերի 2023 - 15:22 AMT
Ադրբեջանը հայտարարել է ԼՂ խաղաղ բնակչության համար «հումանիտար միջանցքներ» բացելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի վտանգավոր գոտիներից խաղաղ «բնակչության տարհանումն ապահովելու համար Լաչինի միջանցքում և այլ ուղղություններով ստեղծվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր»։

Նշենք, որ հայտարարությունում՝ Լաչինի հատվածում, Հայաստանը չի հիշատակվում։

«Համապատասխան տեղեկությունն ուղարկվել է Ղարաբաղի հայերին ՍՄՍ հաղորդագրությունների միջոցով։ Միևնույն ժամանակ բնակչությունն իրազեկվում է բարձարխոսների և տարածվող թռուցիկների միջոցով»,–ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ–ն պահանջել է «Հայաստանից դուրս բերել զինված ուժերը Ղարաբաղից», գրում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։