19 սեպտեմբերի 2023 - 17:48 AMT
Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ է պահանջում ԼՂ–ում իրավիճակի հարցով

Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության կապակցությամբ։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ կոշտ պատասխան տալու համար այդ անընդունելի հարձակողական գործողություններին։

Ֆրանսիան նաև խստիվ դատապարտել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ծավալումը՝ ծանր զենքի կիրառմամբ, այդ թվում հարվածները բնակելի շրջաններին, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ոչինչ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են հազարավոր խաղաղ բանկիչների կյանքին, որոնք առանց այդ էլ ապօրինի շրջափակման մեջ են։ Փարիզը պատրաստ է աջակցել միջազգային հանրության ջանքերին բանակցային լուծում գտնելու գործում։ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները և վերադառնալ միջազգային իրավունքի պահպանմանը»,–ասվում է հայտարարության մեջ։

Եվրամիությունը նույնպես կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ անհրաժեշտ է շտապ վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը, իսկ այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ տեղի բնակչության բռնի տեղահանման համար։

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։