20 սեպտեմբերի 2023 - 10:20 AMT
ՊԲ․ Ադրբեջանը շարունակում է դիրքային առաջխաղացումը՝ թիրախավորելով նաև քաղենթակառուցվածքներ

Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ սեպտեմբերի 20–ի առավոտվա դրությամբ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: