Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ապահովել ԿԽՄԿ կանոնավոր և անարգել հասանելիությունը բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց օգնության կարիքը։
«ԿԽՄԿ-ն կոչ է անում ռազմական իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երաշխավորելու, որ քաղաքացիական բնակչության կյանքն ու քաղաքացիական ենթակառուցվածքները հարգված ու պաշտպանված են բոլոր ժամանակներում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի իրենց պարտավորությունների», - ասվում է ԿՄԽԿ հայտարարության մեջ։
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Արիանե Բոյերը կոչ է արել ռազմական իշխանություններին անել առավելագույնը՝ պաշտպանելու քաղաքացիական կյանքը:
«Մենք պատրաստ ենք պատասխանել բնակչության ցանկացած ավելացած հումանիտար կարիքների ու շարունակելու մեր աշխատանքը տարածաշրջանում»,- նշել է նա, հայտնում է «Այսօր»-ը։
ԿԽՄԿ-ն հայտնել է, որ բժշկական անհրաժեշտ պարագաներ է հասցրել երկու հիվանդանոց, առաջիկայում ծրագրում է նոր մատակարարումներ անել։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում կանոնավոր և անարգել հասանելիություն ապահովել, որպեսզի շարունակենք օգնության հասնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»,- ասվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 11,000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: