Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է ԱՀ նախագահի աշխատակազմը։
«Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:
Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:
Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:
Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»,–ասվում է հայտարարության մեջ։
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի մասին՝ 13։00–ից:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել դուրս բերել ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտուց ՀՀ ԶՈւ մնացած բոլոր ստորաբաժանումները և զինծառայողներին և Արցախի Պաշտպանության բանակի բոլոր զորամիավորումների զինաթափելու և ծխանր տեխնիկայի դուրսբերման մասին ԼՂ տարածքից՝ ուտիլիզացիայի նպատակով։
Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման ապահովման հարցերի՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, համաձայն. ձեռք բերված պայմանավորվածությունը կքննարկվի տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ժամանակ»,–ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: