Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պաշտոնական Ստեփանակերտի տարածած հայտարարությանը, ասել է, որ ՀՀ–ն չի մասնակցել այդ տեքստի կազմմանը, սակայն, ի գիտություն է ընդունում ԼՂ իշխանությունների այդ որոշումը։
Նա տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ տեքստում տեղ է գտել ձևակերպում, ըստ որի ԼՂ–ից դուրս են բերվում «ՀՀ ստորաբաժանումներն ու զինտեխնիկան»։ Փաշինյանը կրկնել է, որ 2021թ. օգոստոսից ՀՀ–ն Լեռնային Ղարաբաղում բանակ, ստորաբաժանումներ չունի։
Ըստ Փաշինյանի, դա հաստատում է, որ այս ագրեսիայի նպատակն էր նաև ՀՀ–ին ներքաշելը ռազմական գործողությունների մեջ։
«Ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լիներ Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը»,- նշել է նա։
Նա նշել է նաև, որ հիմա գլխավորը ԼՂ հայության անվտանգության հարցն է, և եթե ռուս խաղաղապահները նման առաջարկություն են արել, ուրմեն «ամբողջությամբ, առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը»։
«Վերջին տեղեկությունը, որ ինձ հաջողվել է ստանալ ԼՂ-ից, հետևյալն է՝ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, չեմ կարող ասել, որ զրոյացել է։ Մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, որովհետև կայունությունը շատ կարևոր է»,- ընդգծել է վարչապետը։
.Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: