29 ապրիլի 2009 - 18:20 AMT
Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի ցանկությունը Բաքվի հետ տարաձայնությունների պատճառ է
Էրդողանի այցը Բաքու կարող է լավ առիթ հանդիսանալ բացատրվելու եւ գոյություն ունեցող լարվածությունը հանելու համար: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւը:
Նրա խոսքերով, թուրք վարչապետը Բաքու է ժամանում հայ-թուրքական ընթացող բանակցությունների առիթով Անկարայի եւ Բաքվի միջեւ դիրքորոշումների վերադասավորումը որոշելու համար:

«Քանի դեռ Թուրքիան եւ Ադրբեջանը միասին շրջափակել էին Հայաստանը, մեր հարաբերություններում ամեն ինչ կարգին էր, բայց այժմ Թուրքիայի ցանկությունը` կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, լուրջ տարաձայնություններ է առաջացրել մեր մեջ: Բանն այն է, որ Թուրքիայի նախաձեռնությունը Հայաստանի սահմանը փակելու հարցում թուրքական աշխարհում միասնականության բացահայտ ցուցադրում էր, եւ Ադրբեջանը կարծում է, որ հիանալի կլիներ, եթե պաշտոնական Անկարան մինչեւ վերջ տաներ այս գործը` ստիպելով Հայաստանին փոխել իր դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում»,- ասել է Աղաեւը:

Քաղաքագետը համոզված է, որ «հայ-թուրքական սահմանի բացման այժմյան նախաձեռնությունները կարող են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայանալիք բանակցություններում զրկել հաղթաթղթից, եւ ստիպում են պաշտոնական Բաքվին Երեւանի վրա ազդեցության լրացուցիչ լծակներ գտնել: «Բանն այն է, որ եթե այսպես շարունակվի, ապա թուրք - ադրբեջանական հարաբերությունները ներկայում ընթացող ԶԼՄ-ների տեղեկատվական պատերազմից կարող են հանգել ավելի բացասական ինչ-որ բանի: Ես կարծում եմ, որ թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ներում բանավեճը լավ նշան չէ, որը սպառնում է ճեղքվածքի վերածվել ողջ թուրքական աշխարհում»,- նշել է քաղաքագետը:

Հենց այդ պատճառով կարեւոր է Էրդողանի այցը` ուղղված նրան, որ Բաքվի հետ ճշտի Հայաստանի հետ բանակցությունների մանրամասները եւ բացատրի այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» էությունը, որը ստորագրվել էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Եթե հայ-թուրքական հարաբերությունների հարցով զբաղվում է ԱՄՆ-ը, ապա մեզ մնում է միայն սպասել լուրջ փոփոխությունների, ուստի անհրաժեշտ է կողմնորոշվել եւ պարզաբանել մեզ համար մութ պահերը: Էրդողանի ժամանումը Բաքու կարող է լավ միջոց հանդիսանալ բացատրվելու եւ երկու եղբայրական երկրիների միջեւ գոյություն ունեցող լարվածությունը հանելու համար»,- ընդգծել է Աղաեւը, հաղորդում է 1news.az-ը:

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու կկայանա մոտ օրերս: