Երևանյան բուհերի ուսանողները, որպես բողոքի նշան Արցախում ստեղծված իրավիճակի դեմ, փակել են Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան և Աբովյան փողոցներ տանող հատվածները։
Նրանք նստել են փողոցում, ծածանում են Արցախի դրոշը և այսպիսով բարձրացնում իրենց բողոքի ձայնը։
Երիտասարդները փողոցի անցումի հատվածում նաև աղբամաններ և նստարաններ են տեղադրել, հայտնում է Sputnik Արմենիան։
Կառավարության դիմաց ինքնաբուխ ակցիայի մասնակիցները փակել են Տիգրան Մեծ փողոցից դեպի Հանրապետության հրապարակ մուտքը, հայտնում է «Փաստինֆոն»։
Վարորդներից մեկը փորձել է ճեղքել ցուցարարների շղթան, ինչը կանխվել է վերջիններիս կողմից:Վրդովված բազմությունը բացատրություն է պահանջել վարորդից, ի վերջո նա ոստիկանների օգնությամբ հետ վերադարձավ Տիգրան Մեծ փողոց:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի:
ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է նախատեված Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև։