Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ Ադրբեջանը 2 բեռնատար հումանիտար բեռ և 2 բեռնատար հաց է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
Բեռներն ուղարկվել են Աղդամի ճանապարհով, գրում է Haqqin.az-ը։
«Սեպտեմբերի 22–ին Աղդամից երկու 20 տոննա տարողությամբ բեռնատար է ուղարկվել՝ սննդամթերքով և հիգիենայի պարագաներով, ինչպես նաև երկու բեռնատար հացով։ Ապրանքներն առաքվելու են Աղդամի ճանապարհով, որն արդեն շահագործվում է, և կբաշխվեն բնակչության շրջանում»,–ասվում է հրապարակման մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։