ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված վիճակին, ասել է, թե Փարիզը, որը «հակամարտության հարցում միջնորդ է Ադրբեջանի և Հայաստանի միջև, հարկ չհամարեց բացատրվելու Լեռնային Ղարաբաղում հերթական սրացումից հետո»։
«Դա ևս մեկ շատ լավ դաս կլինի բոլոր նրանց համար, ովքեր կթեքվեն դեպի Արևմուտք՝ վստահության, արևմտյան գաղափարական ճանապարհի կողմ»,–ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ–ը։
Ըստ նրա, ամենազարմանալին այն է, որ Փարիզն այս անգամ հարկ չհամարեց նույնիսկ «ինչ–որ բառեր գտնել բացատրվելու համար»։
«Չէ որ առնվազն վերջին տարվա ընթացքում Փարիզը մշտապես խոսում էր այն մասին, որ գլխավոր միջնորդն է, առնվազն՝ պաշտոնական Երևանի տեսակետից»,–ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ Ֆրանսիան փորձում էր «իրենով անել միջնորդության օրակարգը» և ասել, որ իր մոտ «դա ավելի լավ կստացվի, քան որևէ մեկի, առավել ևս՝ Ռուսաստանի մոտ»։
«Մինչդեռ Ռուսաստանն իրոք կատարում էր միջնորդի իր դերը, իրապես լավ, հիմնարար հիմքեր կային խաղաղ կարգավորման ճանապարհով առաջընթացի համար։ Հենց որ սկսվեց մխրճվել արևմտյան գաղափարախոսությունը, և անմիջականորեն Բրյուսելն ու Փարիզը, տեսաք, թե ինչի դա հանգեցրեց»,–ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։