Հունգարիան վետո է դրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Եվրամիության երկրների համատեղ հայտարարության վրա։
Եվրոպական դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ նախատեսված էր, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որով նա հանդես է եկել, պետք է ստորագրեին ԵՄ անդամ բոլոր 27 երկրները, սակայն Հունգարիան վետո է դրել, գրում է Haqqin.az-ը։
Ադրբեջանական ԶԼՄ–ները Բորելի հայտարարությունն անվանում են «հակաադրբեջանական կողմնակալ հայտարարություն»։
Բորելի հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ափսոսանք է հայտնում այդ ամենի հետևանքով զոհերի և կորուստների համար և որ ԼՂ բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։
Ընթերցեք նաև․ ԼՂ բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին