ՀՀ նախկին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը կարծիք է հայտնել, որ նախկին 3 նախագահից ոչ ոք Հայաստանի ղեկավար չպետք է լինի:
«Կարծում եմ՝ նախկին երեք նախագահներից ոչ ոք Հայաստանի ղեկավար չպետք է լինի, որովհետև սխալ է հետ գնալը։ Գտնում եմ՝ ամեն մեկն իր դրականն էլ է արել, բացասականն էլ։ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ տեղի են ունեցել և զարգացում, և կոպիտ սխալներ, անարդարության էլեմետներ։ Մենք ուզում ենք առաջ գնալ։ Առաջ գնալու համար նախկին ղեկավարներին բերելը ճիշտ չէ»,–ասել է նա, հայտնում է Panorama.am–ը։
Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերի 21–ին ձևավորված Ազգային կոմիտեի կազմը պետք է ընդլայնվի։ Նա ասել է, որ պետք է տարբեր կառույցների ներկայացուցիչներ լինեն՝ հարգված մարդիկ, եկեղեցու ներկայացուցիչներ, մեծ կառույցների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան ժողովրդին բացատրել, թե իշխանափոխությունից հետո ինչ է սպասվում։
Այն հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք իշխանափոխության հասնելու դեպքում իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, Մանուկյանն ասել է. «Այդպիսի հավակնություն չունեմ»։
Սեպտեմբերի 19–ից մայրաքաղաքում մեկնարկել են հանրահավաքները, երթերը և քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծանր վիճակով։ Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը: Սեպտեմբերի 22–ին ցույցերին են միացել երևանյան բուհերի ուսանողները։