Ակտիվիստ Նարեկ Մալյանը կալանավորվել է 2 ամսով։ Այդ մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Արամ Զավենիչի կուսակցության խորհրդի ոչ վաղեմի անդամ դատավորը կարդաց Մալյանին 2 ամսով կալանավորելու որոշում։ Մինչ այդ մերժել էր մեր բացարկը. վստահեցրել էր, որ ի զորու է անկողմնակալ լինել»,- գրել է իրավապաշտպանը։
Մալյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը։
Սեպտեմբերի 22–ին Երևանում անհնազանդության ակցիաների ժամանակ ձերբակալվել է նաև ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ոստիկանները հաղորդում են ներկայացրել, թե Քոչարյանը 4 կարմիրբերետավորի է ծեծել, ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա իհարկե իրավական բեսպրիդել է»,–գրել է նա։
Սեպտեմբերի 19–ից մայրաքաղաքում մեկնարկել են հանրահավաքները, երթերը և քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծանր վիճակով։ Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը: Սեպտեմբերի 22–ին ցույցերին են միացել երևանյան բուհերի ուսանողները։