Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 08:15-ին, Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։
Ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան։ Տուժածներ չկան, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Նախնական տվյալներով վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել և կիսով չափ դուրս է եկել ռելսից։ Փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են տանում՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու ուղղությամբ։
Ժամը 08:50-ի դրությամբ մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
«Այսինքն՝ ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ», իջնում, ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն»։
Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ», այնուհետ իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» հասնելու համար»,- ասվում է Երևանի մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ։