Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կարմիր բերետների կողմից ՀՀ երկրորդ նախագահի որդուն՝ Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Կարմիր բերետներին հորդորում եմ ստորին և վերին (կամ առջևի և հետևի) վերջույթներին ազատություն տալուց առաջ լավ մտածել: Ամեն ապօրինություն ստանալու է արձագանք»,–գրել է նա։
Լևոն Քոչարյանը մասնակցել է Երևանում մի քանի օր տևող անհնազանդության ակցիաներին և սեպտեմբերի 22–ին ձերբակալվել է նման ակցիայի ժամանակ։ Նա տեղափոխվել է հիվանդանոց գանգուղեղային վնասվածքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, թե Քոչարյանը 4 կարմիրբերետավորի է ծեծել։
Սեպտեմբերի 19–ից մայրաքաղաքում մեկնարկել են հանրահավաքները, երթերը և քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծանր վիճակով։ Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը: Սեպտեմբերի 22–ին ցույցերին են միացել երևանյան բուհերի ուսանողները։