25 սեպտեմբերի 2023 - 10:41 AMT
Ոստիկանությունը 142 ցուցարարի է բերման ենթարկել

Սեպտեմբերի 25–ի վաղ առավոտից Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։

Ժամը 10։00-ի դրությամբ 142 քաղաքացի է բերման ենթարկվել, ասել են ոստիկանության լրատվական ծառայությունից, հայտնում է Sputnik Արմենիան։

Էրեբունու ոստիկանական բաժին բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: Նա ձերբակալվել է, հայտնել է պատգամավորի փաստաբանը։

Քաղաքացիները բաժիններ են տարվել «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածի հատկանիշներով։

Ցուցարարները փակել էին Սարյանի, Թումանյանի, Աբովյանի և այլ փողոցներ։

Սեպտեմբերի 19–ից մայրաքաղաքում մեկնարկել են հանրահավաքները, երթերը և քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծանր վիճակով։ Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը: Սեպտեմբերի 22–ից ցույցերին են միացել երևանյան բուհերի ուսանողները։