25 սեպտեմբերի 2023 - 11:52 AMT
ՀՀ և Հնդկաստանի ԱԳ նախարարներն ընդգծել են Հրվ. Կովկասն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ` քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։

Ընդգծվել է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման անհրաժեշտությունը։

Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար շրջափակումը, ընդգծեցին միջազգային գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ օրակարգին:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։