25 սեպտեմբերի 2023 - 15:21 AMT
ԱՀ ՆԳՆ․ Սեպտեմբերի 21-ից Արցախի տարբեր շրջաններից հայտնաբերվել է 105 մարմին

Արցախում շարունակվում են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների գործուն մասնակցությամբ տարբեր շրջաններից ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 105 մարմին։

Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։

Սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից`զոհված 2 զինծառայողի մարմին։

Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում 2 երեխա և տարեց ամուսիններ։

Նույն օրը Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից` քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։

Ավելի վաղ հայտարարվել էր 200 զոհի և 400 վիրավորի մասին։