Հայաստան են ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։
Նրանք ժամանել են հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ, ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում արժանապատիվ ու տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի մասին հաղորդումներով և կոչ է անում անարգել մուտք ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների և կոմերցիոն փոխադրումների համար։
Հայաստանում է նաև ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սենատոր Փիթերսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ և ընդգծել հումանիտար օգնության` սննդի, դեղորայքի և այլ էական պաշարների տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Նա իր տպավորություններն է կիսել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցերից, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության օրակարգի հետ կապված հարցերին: