29 ապրիլի 2009 - 22:06 AMT
Հայաստանում տեղի է ունեցել «Հայաստանի թռչունների արահետը» ծրագրի շնորհանդեսը
«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» հասարակական-մշակութային կազմակերպությունը նախաձեռնել եւ իրականացնում է «Ճանաչենք հայկական հուշարձանները» նախագիծը, որի շրջանակներում Հայաստանի մշակութապատմական վայրերում կտեղադրվեն 5 լեզվով տեղեկատվական վահանակներ, ինչպես նաեւ ճանապարհային ուղեցույց-ցուցանակներ: Նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի եւ Հայաստանի թռչունների պահպանման միության աջակցությամբ:
Այս նախագծի շրջանակներում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի թռչունների արահետ» 3-րդ ծրագրի շնորհանդեսը, որով նախատեսվում է տեղեկատվական վահանակներ տեղադրել Արմաշ, Ուրանոց, Լիճք, Նորաշեն գյուղերի եւ Նորավանքի կիրճի տարածքում այնտեղ բնակվող թռչունների տարբեր տեսակների մասին տեղեկատվությամբ:
Թռչունների ամենամեծ բազմազանությունը` շուրջ 200 տեսակ բնակվում է Արմաշ գյուղում, որը համարվում է թռչունների տարածման ամենախոշոր վայրը Հայաստանում եւ Ասիայում:
Նորավանքի կիրճը կարեւորագույն թռչնաբանական տարածք է համարվում, որտեղ գրանցված է թռչունների շուրջ 190 տեսակ:
Ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցավ Սուրենավան գյուղում: Շնորհանդեսին ներկա էին ՀՀՃԾ հասարակական կազմակերպության նախագահ Ռիկ Նայը, Հայաստանի թռչունների պահպանման միության նախագահ Նիկոլայ Գերասիմենկոն, մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Գյումրիում Իտալիայի հյուպատոս Անոտնիո Մոնտալտոն:
Նախագծի նպատակն է հանրության իրազեկության բարձրացումը Հայաստանի մշակութային, պատմական եւ բնական հուշարձանների մասին: Նախագիծը միտված է նպաստելու Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:
«Մշակութային ժառանգությունն այն է, ինչ մենք կարողացել ենք ստանալ մեր նախնիներից եւ պետք է փոխանցենք մեր սերունդներին: Բնությունը եւս ժառանգաբար է փոխանցվում: Այս նախագծի օգնությամբ մենք կպաշտպանենք բնությունը, որը մեր մշակությաին ժառանգության կարեւորագույն մասն է»,-ասել է ՀՀՃԾ-ի նախագահ Ռիկ Նայը: