Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում արձանագրված պայթյունի մասին՝ կարեկցանք հայտնելով ԼՂ բնակիչներին և բոլոր տուժածներին։
Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ընթացող ճգնաժամից տուժածներին, որի հետևանքով արդեն 28,000 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղահանվել է Հայաստան։ Նա նաև հորդորել է ապահովել հումանիտար մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ, հայտնում է «Ամերիկայի ձայնը։
«Մենք ցավով ընդունեցինք այն լուրը, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով և խորը կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Մենք հորդորում ենք շաունակական հումանիտար մուտք ապահովել դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ի շահ բոլոր կարիքավորների:
Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ընթացող ճգնաժամից տուժածներին, որի հետևանքով 28,000 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղահանվել է Հայաստան։ USAID–ի ղեկավար Սամանտա Փաուերը գտնվում է տարածաշրջանում, և Միացյալ Նահանգները հայտարարում է հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին՝ բուժօգնության և այլ շտապ կարիքները հոգալու համար, որի միջոցով օգնելու է տեղական համայնքներին ապահովել ապաստան և անհրաժեշտ պարագաներ, ինչպիսիք են հիգիենայի պարագաները, վերմակները և հագուստը՝ Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժածների կամ տեղահանվածների կարիքները հոգալու համար։
2020 թվականից ի վեր մենք աջակցել ենք Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում հակամարտությունից տուժած համայնքներին սննդի, ջրի, շտապ բժշկական օգնության և տարհանման տրամադրմանը, ինչպես նաև ընտանիքների վերամիավորման հարցում»,–ասվում է հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով առնվազն 20 զոհ կա, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով Հայաստանից մեկնել է Ստեփանակերտ` օգնելու պայթյունից տուժածներին: Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։