Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է ադրբեջանցիների կողմից Լաչինի անցակետում։ Նրան տեղափոխել են Բաքու, հայտնում է Haqqin.az-ը։
Նշվում է, որ նա «ապօրինի էր մուտք գործել երկրի տարածք»։
«Վարդանյանը փոխանցվել է համապատասխան պետական մարմիններին նրա վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով»,–ասվում է Ադրբեջանի սահմանապահ ծառայության հայտարարության մեջ։
Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ամուսինը ձերբակալվել է և գերեվարվել ադրբեջանական իշխանությունների կողմից։
«Սեպտեմբերի 28–ին ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է և գերեվարվել ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին՝ ադրբեջանական օկուպացիայից փախչող հազարավոր այլ արցախցիների հետ փորձելով հեռանալ Արցախից։
10 ամիս շարունակվող շրջափակման ժամանակ Ռուբենն ուսի ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, զրկանքներ կրել և պայքարել գոյատևման համար նրանց հետ միասին։ Ես աղոթում եմ, որ ամուսնուս ազատ արձակեն առանց վնաս պատճառելու, և խնդրում եմ ձեր աջակցությունը»,–ասվում է նրա հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուբեն Վարդանյանի հետ կապը կորել է։