29 ապրիլի 2009 - 22:46 AMT
Թուրքիան իրազեկում է Ադրբեջանին Կովկասում իր քաղաքականության մասին
«Հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ ավելի խորն են, քան ցանկացած այլ երկու պետությունների միջեւ: Այն, թե որքան ենք մենք միմյանց նշանավորում, բարձր է այն նշանակությունից, որ միմյանց համար ունեն ցանկացած այլ երկու հարեւան եւ բարեկամ երկրներ: Դա անհնար է փոխել: Բոլորը դա պետք է իմանան»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Նրա խոսքերով, Անկարայի դիվանագիտությունը Հայաստանի հարցում ե'ւ Թուրքիայի համար է, ե'ւ Ադրբեջանի: «Ժամանակը կգա, եւ բոլորը հավանություն կտան այս քաղաքականությանը»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր անկախ է կառուցում իր քաղաքականությունը եւ անկախ է որոշումներ ընդունում: «Մենք եղբայրական, բարեկամական երկրներ ենք, միասնական ժողովուրդ ենք: Սակայն մենք երկու առանձին պետություն ենք: Նույնիսկ ոչ թե երկու պետություն, քանի որ այս մեծ ժողովրդի ներսում կան բազում այլ պետություններ: Ես ասում եմ սա, ի նկատի ունենալով Միջին Ասիայի երկրները: Այդ տեսակետից մենք պետք է հարգանքով վերաբերվենք միմյանց եւ միմյանց վարած քաղաքականությանը»,-ասել է Գյուլը, հաղորդում է Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունը: