Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է հնարավորություն ունենան անարգել հեռանալու տարածաշրջանից, իսկ ցանկության դեպքում` վերադառնալու այնտեղ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարողանան ինքնուրույն հեռանալու որոշում կայացնել, եթե ցանկանում են, և հնարավորություն ունենալու վերադառնալ, եթե ցանկանում են»,-ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ն, ինչպես և նախկինում, մտահոգված է տարածաշրջանում հումանիտար իրավիճակով և կոչ է անում ապահովել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության անարգել հասանելիությունը:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: