29 սեպտեմբերի 2023 - 13:14 AMT
Կանադան մոտ $2.5 մլն կհատկացնի ԼՂ հայերին մարդասիրական աջակցության համար

Կանադան մոտ 2.5 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մարդասիրական աջակցության համար։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

«Կանադան Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին է։ Կանադան որպես առաջնային հատկացում 2.5 մլն դոլար կտրամադրի մարդասիրական աջակցության համար։ Կանադան պատրաստ է աջակցել բնակչության ամենախոցելի շերտերին»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: