29 սեպտեմբերի 2023 - 14:41 AMT
Մխիթարյան․ Պահանջում եմ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Բաքվում պահվող մյուս հայերին

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորմանը Բաքվում, պահանջել է անվնաս ազատ արձակել նրան և Ադրբեջանում պահվող մյուս հայերին։

«Մինչ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ Հայաստանում անվտանգ ապաստան գտնելու հույսով, ձերբակալությունները վտանգավոր միտում են դառնում։

Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության եռանդուն կողմնակից ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Նա հայտնի բարերար է, գործարար, և Aurora Prize նախաձեռնության համահիմնադիրը, որը խաղաղության տարածման ջատագով է և ամբողջ աշխարհի մարդկանց տրամադրում է կրթություն և առողջապահություն»,- գրել է Մխիթարյանը։

Սեպտեմբերի 30-ին Երևանում երթ կանցկացվի` հաջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որին Բաքուն շինծու մեղադրանքներով կալանավորել է 4 ամսով։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ձերբակալված ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք հոդվածներով՝ այդ թվում «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված կազմավորումներ» ստեղծելու վերաբերյալ։