Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական բեռը հասել է Հայաստան, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են 5 տոննա բեռը:
Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար:
Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին, ովքեր օգնում են Հայաստանին այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում:
Ավելի վաղ Ֆրանսիան հայտարարել էր, որ բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված օդանավ կուղարկի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում բենզալցակայանի պայթյունից տուժած անձանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Տուժած բոլոր պացիենտները Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցից տեղափոխվել են Հայաստան։ ՀՀ ԲԿ–ներում բուժվում են նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվածները։