2 հոկտեմբերի 2023 - 13:59 AMT
ԱՀԿ–ն մասնագետներ կուղարկի ՀՀ՝ աջակցելու ԼՂ-ից տեղահանվածներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կառույցը ակտիվացնում է իր արտակարգ իրավիճակների համակարգերը ու փորձագետներ կուղարկի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի Հայաստան տեղահանման պատճառով։ Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք ակտիվացրել ենք մեր արտակարգ իրավիճակների համակարգերը և կարիքների ամբողջական գնահատումից հետո մի շարք ոլորտների մասնագետներ կուղարկենք երկիր (Հայաստան), ներառյալ հոգեկան առողջության, այրվածքաբանության, հիմնական առողջապահական ծառայությունների և արտակարգ իրավիճակների համակարգման», - հայտարարել է դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն` ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը։

«Մարտահրավերներն իսկապես հսկայական են, և մենք այնտեղ ենք, որպեսզի անենք այն ամենը, ինչ կարող ենք»,- հավելել է ԱՀ-ի պաշտոնյան:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։